Բնակիչները խնդրում են «Սանիտեք»-ին, որ թողնի հանգիստ քնել
Սունդուկյան 21 եւ 25 շենքերի բնակիչներն ահազանգում են՝ «Սանիտեք» ընկերությունը աղբամանները տեղադրել է այնպես, որ աղբահանության ժամին նրանք չեն կարողանում հանգիստ քնել: «Երկու տարի է՝ խնդրում ենք՝ թողեք հանգիստ քնենք»,- ասում է «Ա1+»-ի խմբագրություն զանգահարած Վարդան Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ դեռ լույսը չբացված, ժամը 4-ի 5-ի կողմերը «Սանիտեք»-ի մեքենան մտնում է բակ, եւ մեծ աղմուկ բարձրացնում: Երեւանի քաղաքապետարանից էլ, բնակիչների խոսքերով, տեղեկացրել են, որ «Սանիտեք»-ին խստորեն հանձնարարվել է աղբահանության աշխատանքներն այնպես իրականացնել, որ չխանգարի բնակիչներին: «Բայց այսօր նորից նույն վիճակն է: Կառավարության որոշում կա, որ չի կարելի երեկոյան ժամը 11-ից մինչեւ 7 բարձր աղմուկ անել, բայց փաստորեն «Սանիտեք»-ը կառավարության որոշումն էլ բանի տեղ չի դնում»,- եզրափակեց նա: «Սանիտեք» ընկերությունում տեղյակ չէին խնդրին: Նրանք ճշտեցին հասցեն՝ տեղում ուսումնասիրելու համար առաջացած հարցը: