Հայ Առաքելական եկեղեցին ցանկանում է վերականգնել ավանդական կոխը
Արարատյան Հայրապետական թեմը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնի առթիվ առաջին անգամ կոխի (հայկական ըմբշամարտ) բաց մարզում անցկացրին Երեւանի սամբո- ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցում: Տարբեր տարիքի սամբիստներն ու ձյուդոյիստները զուռնայի հնչյունների ներքո նախ նախավարժանք արեցին, ապա կոխի ցուցադրական մենամարտեր անցկացրին: Մարզմանը ներկա էր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս քահանա Մալյանը։ Եկեղեցին կողմ է այս տիպի միջոցառումներին, ասաց նա. «Սպորտը հակաքրիստոնեական չէ եւ դրանով պետք է զբաղվի յուրաքանչյուր մարդ: Սպորտը կոփում եւ առողջություն է տալիս մարդուն, իսկ ինչպես հայտնի է, առողջ մարմնում լինում է առողջ հոգի»: Այն, թե որքանով հաջողվեց կոխի անդրանիկ բաց մարզումը, ցույց կտա ժամանակը, առավել եւս, որ մարզիկները հանդես եկան ռուսական սամբոյի մարզազգեստով: Սակայն կարեւորն այն է, որ Հայաստանում առաջին քայլը կատարվեց հայ ժողովրդի պատմությունից եկած ավանդական ըմբամարտը երեխաներին ծանոթացնելու գործում: Հուսանք, որ նման մարզումները կդառնան մշտական, իսկ մեր մարզիկները հանդես կգան կոխի ավանդական հագուկապով: