Աբրահամ Խաշմանյանը այլեւս նոր խաղացողներ չի հրավիրի «Ալաշկերտ» (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտն» այս օրերին ուսումնամարզումային հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր թիմը բաց մարզում անցկացրեց: Դրան մասնակցեցին 22 ֆուտբոլիստ, այդ թվում երեք նորեկները. «Երեկ մենք պայմանագիր ենք կնքել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ֆելիպեի եւ «Փյունիկի» ֆուտբոլիստ Գագիկ Պողոսյանի հետ: Այսօր պատրաստվում ենք պաշտոնական դարձնել նաեւ ուրուգվայցի կրեատիվ կիսապաշտպան Ռիչի Կառլոսի հետ հարաբերությունը», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա ավելացրեց, որ այլեւս նոր ֆուտբոլիստներ չեն փորձարկի կամ ձեռք բերի. «Ալաշկերտն» արդեն լիովին համալրված է, իսկ ամեն մի նոր փոփոխություն ազդում է թիմի խաղի վրա», - պարզաբանեց փորձառու մասնագետը: Մեր ֆուտբոլի ներկայիս առաջատարն ակադեմիայում կմարզվի մինչեւ հունվարի 29-ը, իսկ փետրվարին նախատեսել է երկու արտասահմանյան հավաքներ. «Առաջինը կանցկացնենք փետրվարի 1-11-ը, Անթալիայում: Դրա ընթացքում նախատեսել ենք երկու ընկերական հանդիպում հունգարական թիմերի հետ: Երկրորդ ուսհավաքը պլանավորել ենք փետրվարի 15-25-ը, նույն տեղում: Դրա ժամանակ ստուգողական խաղեր կանցկացնենք ղազախական եւ լիտվական ակումբների հետ» - եզրափակեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը: