Ե. Զախարյանը խոստացել է ուսումնասիրել գազի վերջին վարձավճարի հետ կապված դժգոհությունները
Դեկտեմբերին գազի համար բնակչությունն ավելի շատ է վճարել, օրինակ 20.000 վճարել են նոյեմբերին, հիմա վճարում են 40.000, «Ա1+»-ի դիտարկմանն ի պատասխան Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշեց. «Առաջին անգամ եմ նման բան լսում: Որքան ծախսել են, այդքան վճարում են: Ես կարող եմ հանձնարարել, որ ուսումնասիրեն: Խոստանում եմ ձեզ ուսումնասիրել և տեղեկացնել մամուլի միջոցով»: Այժմ բանակցություններ են վարվում Իրանի հետ՝ գազի ներկրման կապակցությամբ, սակայն ըստ նախարարի՝ այդ երկիրը շատ մատչելի գնով գազ չի առաջարկում: «Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, այսօր էլ չի առաջարկում Ռուսաստանից ավելի էժան գազ»: Պարոն Զախարյանը հայտնեց նաև, որ գազի գնի վերանայման խնդրանքով ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին: «Դեռ բանակցությունների փուլն է, վերջնական որոշում չկա»: Նախարարը շուտով կբոլորի 70 տարին: Արդյո՞ք աշխատանքից դուրս գալու խնդիր լինելու է. «Գիտեք ինչ, 70 տարին բավականին հետաքրքիր տարիք է: Քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն, սակայն ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, առավել ևս՝ քաղաքական պաշտոնը»: Սակայն պարոն Զախարյանը չհստակեցրեց՝ իր պաշտոնը մինչև երբ է պահպանելու. «Ես չգիտեմ, դա հարցրեք դիմացի շենքից»: «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցի շուրջ էլ նա շեշտեց, որ Կառավարությունը շահագրգիռ է և ամեն ինչ անում է: «Տարբեր ընկերությունների հետ տարվում են բանակցություններ՝ այդ հարցի հետ կապված: Ինչ արդյունքների կհասնենք, ցույց կտա ժամանակը»,-ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: