Մարիա Գեւորգյանը չի վախենում մեկնել Բաքու (տեսանյութ)
Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը նվաճելով շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը, առաջին անգամ դարձավ հանրապետության կանանց հավաքականի լիարժեք անդամ: Դա նշանակում է, որ 22-ամյա շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցելու շախմատային օլիմպիադային: Ինչպես հայտնի է, 2016 թվականի այդ մրցաշարը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբեր ամսին: Մարիա Գեւորգյանին այդ փաստն այնքան էլ չի մտահոգում. «Եթե հավաքականը մեկնի Բաքու, ապա ես կլինեմ թիմակիցներիս կողքին», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց նոր չեմպիոնը: Մեր այն հարցին, թե անցած տարի ինչու չհաջողվեց գրավել առաջին տեղը եւ ետ մնաց իրենից ավելի ցածր վարկանիշ ունեցող մրցակցից, Մարիա Գեւորգյանն ասաց. «Անցած տարի պապիկս նոր էր մահացել եւ ես հոգեբանական ծանր վիճակում էի գտնվում, այդ իսկ պատճառով շատ անհաջող մեկնարկեցի: Ճիշտ է, հետագայում մի քանի հաղթանակներ տոնեցի, սակայն այլեւս հնարավոր չէր հասնել առաջատարին» - պարզաբանեց նա: