«Հայաստանը կարող է կորցնել իր գլխավոր հովանավորին» (տեսանյութ)
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից նոր մարտահրավերներ է կանխատեսում Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե որոնք են դրանք. «Առաջին հերթին Եվրամիությունում միգրանտների հետ կապված ճգնաժամը, որը թվում է, թե մեզ հետ կապ չունի, բայց իրականում ունի, քանի որ ԵՄ-ը Հայաստանի գլխավոր հովանավորն է: Մասամբ էլ Միացյալ նահանգները: Այս երկուսը ոչ թե ինվեստիցիա են անում, այլ աջակցում են Հայաստանին, եւ մենք կարող ենք կորցնել դա: Մյուս մարտահրավերը Ռուսաստանում տիրող ճգնաժամն է, որն արձագանք է ստանում Հայաստանում: Ադրբեջանի ներքին ճգնաժամն էլ վատ կանդրադառնա մեզ վրա, այդ իսկ պատճառով պետք չէ ուրախանալ այնտեղ տիրող ծանր սոցիալական վիճակի համար, որովհետեւ այնտեղի իշխանությունները ժողովրդի ուշադրությունը շեղելու համար կարող են գործողություններ են սկսել Ղարաբաղի ճակատում»: Ստեփան Գրիգորյանը եւս մեկ կարեւոր մարտահրավեր է առանձնացնում Հայաստանի համար՝ այս անգամ կապված գազի սակագնի բարձրացման հետ: «Հետաքրքիր բան է: Ռուսաստանը, որը փաստացի պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, 1000 խորանարդ մետր գազը նրան վաճառում է 200 դոլարով, իսկ Հայաստանին՝ 280-320 դոլարով»,-ասաց նա: Գրիգորյանը նշեց, որ թեեւ ՀՀ իշխանությունները դիմել են «Գազպրոմին»՝ գների վերանայման համար, սակայն դա պետք էր ավելի շուտ անել. «Մարտահրավերներին պետք է որքան հնարավոր է արագ արձագանք տրվի: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պաշտոնական տվյալներով՝ մեր տնտեսությունը երկու անգամ անկում է գրանցել, իսկ մի՞թե հնարավոր չէր կանխատեսել Ռուսաստանի ճգնաժամը եւ հետաձգել փաստաթղթի ստորագրումը: Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր գովում էին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, թող հիմա գան եւ մարդկանց պատասխան տան: Ինչու՞ են ձգձգում ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրումը: Ասոցացման համաձայնագիրն արդեն կա, դրանից ընդամենը մեկ-երկու փաստաթուղթ է պետք հանել, որոնք վերաբերում են առեւտրին, եւ վերջ, բայց այստեղ խոսք է գնում մեկ տարվա մասին: Մի՞թե չի կարելի ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրել երեք ամսում»: Գրիգորյանին եւս մեկ հարց է անհանգստացնում, թե ինչու է Հայաստանը դանդաղում նաեւ իրանական գազը Վրաստան հասցնելու հարցում: «Այստեղ ոչ մի ներդրում պետք չէ, խողովակները կան, Իրանն էլ, Վրաստանն էլ կողմ են, որպեսզի գազը Հայաստանով անցնի, մեզ մնում է ընդամենը խողովակը բացել, բայց ինչու՞ չեն անում: Ծիծաղելի պատճառաբանություն լսեցի, թե մեզ չեն խնդրել: Ո՞վ պետք է խնդրեր, եթե դա ձեռնտու է եւ’ Ռուսաստանին, եւ’ Հայաստանին»: