«Սերժ Սարգսյանն իշխանությունը պահպանելու է երեք ճանապարհով» (տեսանյութ)
Նոր Սահմանադրությունն այլեւս նախկինի նման չի սարսափեցնում արմատական ընդդիմադիրներին։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հրավիրած ասուլիսում նշում է. « Ես համաձայն եմ՝ էս խորհրդարանական ինչքան էլ ես մերժեմ, համարեմ սա ոչ արդյունավետ ու վատ Հայաստանի Հանրապետության համար, բայց զուտ Սերժ Սարգսյանի իշխանությունը կորցնելու առումով էս համակարգն ավելի ձեռնտու է»: Ըստ Լեւոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանն ընտրել է թուլանալու գնով իշխանությունը պահպանելու ճանապարհը: Սակայն ձեռքերը ծալած չի նստելու այդ մարդը, իշխանությունը պահպանելու է երեք ճանապարհով. «Առաջինը, դա պետք էր անաղմուկ կերպով, լեգիտիմ ճանապարհով բացել իր իշխանության ճանապարհը։ Երկրորդը, դրանից հետո սարքել վերահսկելի ընդդիմություն եւ երրորդը՝ առանց մեծ ուշադրություն գրավելու միջազգային հանրության կողմից 2017-ի ընտրությունների վրա, հաղթել 2017-ին՝ ստանալով այդ վերահսկելի ընդդիմության շնորհավորանքը»: Անաղմուկ լեգիտիմ հանրաքվեով իշխանություն բացելու ճանապարհը Սերժ Սարգսյանը ձախողել է՝ ոչ ոք լեգիտիմ չի ճանաչում հանրաքվեն,-ասում է Լեւոն Զուրաբյանը: Միջազգային հանրությունը շատ ավելի խիստ է լինելու խորհրդարանական հաջորդ ընտրություններին. «Դա նշանակում է շատ ավելի լուրջ առաքելություններ դիտորդական, դա նշանակում է նաեւ լուրջ աջակցություն ընդդիմության առաջարկներին այնպիսի ընտրական օրենսգիրք ստեղծելու, որ ինչքան հնարավոր է բացառվեն ընտրակեղծարարությունները»: ՀԱԿ-ը 4 առաջարկ է պատրաստում Ընտրական օրենսգրքի մեջ ներառելու համար: Բայց խնդիրը նույնիսկ այդ առաջարկները չեն. «Իրական խնդիրը ընտրակեղծարարությունն է»: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն այսօր խոսեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին պատուհասած հիվանդությունից, որի պատճառով առաջին նախագահը մեկնել է Ամերիկա: Փայագծեր, իհարկե, չբացվեցին. «Այո, Տեր-Պետրոսյանը վատառողջ է, պրոբլեմը լուրջ է բայց բուժելի, համապատասխան բժիշկն էլ գտնված է, որ զբաղվում է դրանով եւ վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»: