Վեսելին Թոփալովը համաձայնել է մեկնել Ռուսաստան
Մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում բաց էր մնում միայն մեկ հարց. արդյոք բուլղարացի Վեսելին Թոփալովը կհամաձայնի՞ մեկնել Ռուսաստան: «2006 թվականին Էլիստայում տեղի ունեցած սկանդալից հետո մենք որոշել էինք այլեւս հանդես չգալ Ռուսաստանում անցկացվող ցանկացած մրցաշարում, քանի որ Վեսելինն իրեն անհարմար է զգում այդ երկրում: Սակայն երկար մտածելուց հետո նա, այնուամենայնիվ, որոշեց մասնակցել Մոսկվայի հավակնորդների մրցաշարին: Լավ կլիներ, որ Վեսելինը հրաժարվեր, բայց դա նրա որոշելիք հարցն է», - բուլղարական լրատվամիջոցներով հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոնի գործակալ Սիլվիո Դանաիլովը: Դա նշանակում է, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու համար պայքար կմղեն նախապես որոշված բոլոր հավակնորդները: Դրանք են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Սերգեյ Կարյակինը, հոլանդացի Անիշ Գիրին, Վեսելին Թոփալովը եւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: