Տիգրան Սարգսյանը դեռեւս դեսպան է
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, թեեւ փետրվարի մեկից նա ստանձնելու է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, միայն ՀՀ նախագահի հրամանից հետո նա կթողնի դեսպանի իր պաշտոնը. «Դեսպանի պարտականություններից նրան ազատելու մասին ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիր դեռ չի ստորագրվել: Հենց հրապարակվի հրամանագիրը, այդ ժամանակ արդեն կհամարվի, որ Տիգրան Սարգսյանը թողել է պաշտոնը: Նշանակման եւ հետկանչման հրամանագրերը հրապարակվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում»: Արդյոք արդեն կա՞ն դեսպանի հավանական թեկնածուներ, պարոն Բալայանն այդ մասին հիմա խոսելը կոռեկտ չհամարեց. «Թեկնածուների, նրանց հավանականությունների մասին ընդհանրապես խոսելը, չեմ կարծում, որ կոռեկտ է. դա արարողակարգային ընթացակարգեր է պահանջում, մասնավորապես, ագրեմանի հարցումը տվյալ երկրից: Իսկ այդ ընթացակարգն ավարտվում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով»: