Քաղաքապետարանն ասում է` մաքրում են
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, թե արդեն երրորդ օրն անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր արտակարգ ռեժիմով շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: "Համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով գլխավոր և երկրորդական փողոցները մաքրելուն զուգահեռ, բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաև աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Գործընթացը շուրջօրյա վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ընթացող աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից",- ասված է հաղորդագրության մեջ: Սակայն երեւանցիներն այլ պատկեր են արձանագրում: Հատկապես Նոր Նորքում, ընդ որում, այնտեղ ճանապարհների վիճակն այնքան վատ է, որ ֆեյսբուքյան օգտատերերը կատակում են` "Մասիվը շրջափկման մեջ է":