Կառավարության կազմը կկրճատվի. ո՞ր նախարարները կհայտնվեն սեւ ցուցակում
2016թ. սեղմ բյուջեին համահունչ կրճատվելու են ինչպես ավելորդ ծախսերը, այնպես էլ օպտիմալացվելու է կառավարության կազմը։ Թե որ նախարարները կհայտնվեն սեւ ցուցակում, Հովիկ Աբրահամյանը խուսափեց պատասխանից: Կառավարության օպտիմալացման մասին էին, ըստ երեւույթին, վկայում նաև վերջին նիստին նրա բարկացած նկատողությունները՝ ուղղված գրեթե բոլոր նախարարներին: Տնտեսության ոչ բարվոք վիճակի եւ խոստացված ու չիրականացված 4.1 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ հարցերը զարմացնում են վարչապետին. «Հայաստանը չի կարող լինել արտոնյալ իրավիճակում, երբ աշխարհում ամեն ինչ վատ է: Մենք երեք տոկոսին մոտ ունենալու ենք, նույնիսկ մի քիչ էլ ավելի, դա կհաշվարկվի, կներկայացվի: Բայց դա չի փոխելու ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովելու խնդիրը: Մենք պետք է ձգտենք ու հասնենք երկնիշ տնտեսական աճի: Սակայն այսօրվա իրողությունները դա թույլ չեն տալիս մեզ»: Վարչապետը քաղաքացիների բարեկեցիկ ապրելու համար պատասխանատու համարեց նաեւ լրագրողներին՝ կոչ անելով դրական էմոցիաներ ստեղծել: Նա այսօր պատվոգրեր եւ հուշանվերներ հանձնեց ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների։ Իսկ Ֆինանսների փոխնախարարի բարեմաղթանքը լրագրողներին մեկն էր՝ ունենալ միմյանց լսելու ընդունակություն եւ փոխըմբռնում: Իսկ թե ինչ կենացներ են հնչելու Ամանորի սեղանի շուրջ, Պավել Սաֆարյանը հումորով պատասխանեց. «Հնչելու են, օրինակ, բյուջեի 23-րդ հոդվածի հետ կապված եւ եռամսյակային համամասնություններով ավարտվելու է...»։ Ի դեպ, 2016թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է 2,2 տոկոս, եւ իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ ապրելու ենք գոտիները ձգած: Ավելին՝ տեսանյութով