Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2015 թվականին շարունակվեց կապիտալի արտահոսքը Հայաստանից

Կարևոր լուրեր Տնտեսություն
econom

Չնայած, որ Կառավարության տնտեսական բլոկի անդամներն ամեն առիթ օգտագործում են՝ խոսելու Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալի աճի մասին, այնուամենայնիվ՝ ամեն ինչ չէ, որ այդքան «լուսավոր» է: 2015 թվականի ողջ վիճակագրությունը հասանելի կլինի հաջորդ տարի և իրավիճակն ամբողջությամբ գնահատել հնարավոր կլինի հենց այդ ժամանակ, սակայն Հայաստանի տնտեսությունում ներդրումային իրավիճակի մասին պատկերացում կարելի է կազմել նաև առաջին 9 ամիսների տվյալներով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ օտարերկրյա ներդրումների ծավալն այս ժամանակահատվածում կազմել է 141.5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 39 միլիարդով կամ 27.5%-ով: Ընդ որում՝ այդ 141.5 միլիարդ դրամից 58.9 միլարդը բաժին է ընկնում միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերությանը: Մինչդեռ, եթե ելնելու լինենք ԱՎԾ տվյալներից՝ առնվազն երկու ոլորտում ներդրումների արտահոսքը զգալի է: Օդային տրանսպորտի գործունեության ոլորտում ունենք 20 միլիարդ դրամի ներդրումների արտահոսք: Հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ծավալի նվազումը եղել է 5 միլիարդ դրամ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի պնդմամբ՝ այսպիսի ցուցանիշները խոսում է այն մասին, որ ոչ միայն ներդրումներ են արվում, այլ նաև Հայաստանից կապիտալը հոսում է մեծ ծավալներով. « Դրա մասին առաջինը խոսում է Վիրջինյան կղզիների -27 միլիարդանոց մակարդակը: Զուտ ներդրումների առումով մենք բացասական տիրույթ ենք մտնում. Հայաստան ավելի քիչ է կապիտալ մտնում, քան Հայաստանից դուրս է գալիս: Կան ոլորտներ, որոնք ունեն հենց այսպիսի վիճակագրություն»: Զուտ ներդրումների ցուցանիշը թվային առումով մեծացել է, այնուամենայնիվ տնտեսագետը մտավախություն ունի. «Ներդրումային միջավայրը այնքան էլ լավ չէ և դա անգամ ֆիքսվում է ներկայացված բյուջետային ուղերձում: Օտարերկրյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի ընդամենը 20-21% ցուցանիշների շրջանակում է, այնինչ՝ 2007-2008 թվականներին արդեն նախապայման կար՝ ներդրումները հասցնել մինչև 40 տոկոսի»: 2015-ի ընթացքում Հայաստանից մեծ ընկերությունների հեռացման պատճառը Վիլեն Խաչատրյանը համարում է ներդրումային միջավայրը, սակայն այդ ընկերությունների ունեցած խնդիրները միայն այստեղով չեն պայմանավորված. «Կոնսոլիդացիայի պրոցես կարող է տեղի ունենալ վերջիններիս մոտ նաև այն պատճառով, որ վերջիններս հետ են կանչում այն մասնաճյուղերին ու դուստր ընկերություններին, որոնք գործում են ոչ բարենպաստ պայմաններում: Շահութաբերության երկար անկման պայմաններում նրանք չեն կարող իրենց գոյությունը արդարացնել և չարդարացված գոյությունը հեռացման պատճառ է դառնում»: Այնուամենայնիվ, կան հստակ քայլեր, որոնք իրականություն դարձնելու պարագայում կարելի կլինի խուսափել նման իրավիճակից. «Նախ պետք է բարձր լինի վստահության մակարդակը, շահութաբերությունը ևս լինի բարձր մակարդակի վրա, որպեսզի տվյալ ներդրողներն իրենց ապահով ու ազատ զգան, և գումարները հոսեն այստեղ: Հակառակ պարագայում՝ բիզնեսի համար նման խոչընդոտների ստեղծումը հեռացման նախապայմաններից մեկն է»,- հավելում է նա: