Վիտալի Մուտկոն թուրքերին հրավիրում է Մոսկվա
Ռուսաստանի սպորտի նախարար եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն ոչ մի խնդիր չի տեսնում այն հարցում, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հանդիպելու է թուրքական «Ֆեներբախչեի» հետ: «Կարծում եմ, պետք չէ բորբոքել կրքերը: Եվրոպայի լիգան պաշտոնական մրցաշար է, որտեղ ընդունող կողմը պարտավորվում է ապահովել հյուրերի անվտանգությունը: Թուրք երկրպագուները կարող են հանգիստ այցելել Մոսկվա: Եթե քաղաքական երանգ տրվի խաղին, ապա ակումբները կպատժվեն» - ասել է պաշտոնյա այրը: Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարությունը, այնուամենայնիվ, այժմ խաղն անցկացնելու այլ տարբերակ է փնտրում. «Մենք մտածում ենք խաղը տեղափոխել չեզոք երկիր, սակայն, կարծում եմ, այն հավանաբար կանցկացվի Թուրքիայում: Մեզ չբաժանեցին վիճակահանության ժամանակ եւ մենք այլեւս ոչինչ չենք կարող անել» - ասել է ռուսական ակումբի սպորտային տնօրեն Կիրիլ Կոտովը: «Լոկոմոտիվ» - «Ֆեներբախչե» հանդիպումները կայանալու են 2016 թվականի փետրվարի 16-ին եւ 25-ին: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները բավական սրվել են՝ կապված Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռին թուրքական օդուժի կողմից խոյահարելու հետ: