Մեր ըմբիշները դեռ կարող են ավելացնել օլիմպիական ուղեգրերի քանակը
Այս տարվա մայիսին Շվեյցարիայի Կորսե-Սյուր-Վեվե քաղաքում կայացած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում հաստատվել է, որ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի մրցաշարերում հանդես են գալու 114-ական մարզիկ (յուրաքանչյուր քաշային կարգում 19-ական մասնակից): Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Օլիմպիական վարկանիշային առաջին մրցումն այս տարի սեպտեմբերին Լաս Վեգասում (ԱՄՆ) տեղի ունեցած մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն էր, որտեղ ՀՀ պատվիրակներին հաջողվեց 3 օլիմպիական ուղեգիր նվաճել: Դրանք են՝ հունահռոմական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, ազատ ոճային՝ Լեւան Բերիանիձեն: Օլիմպիական ուղեգրերի բաշխման 2-րդ փուլը կլինեն աշխարհամասերի ընտրական մրցաշարերը: Եվրոպայում վարկանիշային ընտրական մրցաշարը տեղի կունենա 2016 թ ապրիլի 15-17-ը, Սերբիայի Զրենյանին քաղաքում: Այստեղ օլիմպիական ուղեգրերի կարժանանան 1-2-րդ տեղերը գրաված ըմբիշները: Եթե այդ մրցաշարում մերոնց չհաջողվի ուղեգիր նվաճել, ապա նրանք դա կարող են անել համաշխարհային ընտրական մրցաշարերում: Դրանցից առաջինը կկայանա Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում, ապրիլի 22-24-ը, իսկ երկրորդը Ստամբուլում՝ մայիսի 6-8-ը: Ի դեպ, Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու: