«Երբեք այսքան հեռու չենք եղել հակամարտության կարգավորման գործընթացից»
Դեկտեմբերի 1-ին կայանալիք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումից մեծ սպասումներ չարժե ունենալ, քանի որ այս գործընթացում խաղաղության համար բանակցող գործընկեր Հայաստանը չունի: «Ադրբեջանի իշխանություններն իրենց քաղհասարակությանը ծանր հարված հասցրեցին, հիմա էլ ավելացնում են հակահայկական ագրեսիվ քարոզչությունը: Դա զուգակցվում է զինվորական գործողություններով՝ ուղղված ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի դեմ։ Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում: Ստեղծված իրավիճակում մի նրբություն կա՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ամբողջովին աջակցում է խաղաղ բանակցային գործընթացին, իսկ Մինսկի խմբի համանախագահներն էլ հազիվ կարող են անել այն, որքան անում են»,- «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով՝ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հիմնական վտանգը ներկայացնում է Ադրբեջանը՝ որպես անկանխատեսելի եւ չկշռադատված հակառակորդ: «Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական հաջողությունները հիմնված են ոչ թե կշռադատված դիվանագիտության, այլ Ադրբեջանի գրանցած ձախողումների վրա»,- նշեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն էլ ավելացնում է՝ վերջին 20 տարիների ընթացքում մենք երբեք այսքան հեռու չենք եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, որքան հիմա: « Սա առիթ է պնդելու, որ ժամանակն է՝ Հայաստանը պաշտպանվող սուբյեկտից վերափոխվի նախաձեռնող քաղաքականության եւ միջազգային բոլոր ատյաններում բավական է պաշտպանվեն»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով ՝ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է որդեգրել է հետեւյալ դիրքորոշումը՝ միջազգային հանրությունը պետք է վերադարձնի այն, ինչ մենք կորցրել ենք մեր իսկ սկսած պատերազմի արդյունքում: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ սահմանադրական փոփոխությունները ոչ մի կերպ չեն կարող ազդել ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: Իսկ Ռիչարդ Կիրակոսյանն ավելացնում է. «Եթե այս երկիրը լրիվ պետք է փոխվի, որոշումների ընդունման պրոցեսը մի քիչ ավելի ծանր կլինի»: