Ես դարձել եմ Երևանի լիարժեք բնակիչ. ԵՄ դեսպան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կառույցի հետ համատեղ աշխատանքն այսուհետ ևս կլինի համագործակցված ու արդյունավետ: Անդրադառնալով Եվրամիության ֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ: «Այսօր Երևանի քաղաքապետարանն իրականացնում է մի շարք կարևորագույն վարկային ծրագրեր, և մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի այդ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչվեն: Միաժամանակ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը նաև մեր նոր նախաձեռնությունների հետ կապված»,- ընդգծել է քաղաքապետը: «Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես դարձել եմ Երևանի լիարժեք բնակիչ և Ձեր մայրաքաղաքում ինձ իսկապես տանն եմ զգում: Բոլոր այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որ ականատես եղա այս կարճ ժամանակահատվածում Երևանում, իսկապես ողջունելի ու գովելի է: Ակնհայտ է, որ քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել: Մենք ևս կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, և ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երևանի զարգացման գործում»,- նշել է Պյոտր Սվիտալսկին: Հանդիպման շրջանակում կողմերը նաև Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ու նախատեսվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկել: Երևանի քաղաքապետարան