Լեւոն Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ
Շախմատի Հայաստանի հավաքականներն անհաջող են մեկնարկել Իսլանդիայում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր տղամարդկանց ընտրանին առաջին տուրում 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարի կազմակերպիչներին՝ իսլանդացիներին, սակայն 2-րդ փուլում զիջեց Ֆրանսիայի ազգային թիմին՝ 1,5:2,5: Մեր հավաքականից միակ պարտությունը կրեց Լեւոն Արոնյանը, որը Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիայում անվստահ խաղաց էնդշպիլում, 77-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց եւ անձնատուր եղավ: Այսօր նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստները ուժերը կչափեն Նորվեգիայի հավաքականի հետ, որը նախ պարտվել է Չեռնոգորիային, ապա հաղթել Լատվիային: Հարկ է նշել, որ մրցակցի կազմում հանդես է գալիս միայն մեկ գրոսմայստեր՝ հանձինս Ջոն Լյուդվիգ Համերի, իսկ մնացածը միջազգային վարպետներ են: Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթանակով սկսեց առաջնությունը՝ մեկնարկային խաղում 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Լատվիայի նկատմամբ: Սակայն 2-րդ տուրում մերոնք 1:3 հաշվով պարտվեցին մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Ռուսաստանի հավաքականին: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Թուրքիայի հավաքականի հետ, որը անցած տուրում միայն համառ պայքարում է զիջել Վրաստանի ուժեղ ընտրանուն՝ 1,5:2,5: