Ահաբեկիչներին չի հաջողվել մտնել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ
«Երբ պայթյունի ձայներ լսվեցին, բոլորը մտածեցին, որ ֆուտբոլասերներն են ճայթուք օգտագործել: Սակայն հանդիպման ընդմիջմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը ներկա էր խաղին, ուղղաթիռով տարհանեցին: Հետո պարզվեց, որ ահաբեկիչները ցանկացել էին մտնել մարզադաշտ, սակայն դա նրանց չէր հաջողվել, այդ իսկ պատճառով պայթյունները տեղի էին ունեցել դրսում» - երեկ կայացած Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլի ընկերական խաղից հետո տեղեկացրել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Կարեն Ադամյանը, որը տեղում լուսաբանելիս է եղել այդ խաղը: Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 4 մարդ զոհվել է, իսկ 50-ը վիրավորվել: Խաղին ներկա է եղել 80 հազար հանդիսական: Ինչպես նշում են ականատեսները, նրանց մեծ մասը արդեն ընդմիջմանը լքել են ստադիոնը: Հանդիպման ավարտից հետո տրիբունաներից մեկում խուճապ է առաջացել, որի պատճառով երկրպագուները լցվել են խաղադաշտ: Բարեբախտաբար ոչ մեկը չի տուժել եւ մի քանի ժամ անց ոստիկանների ուղեկցությամբ բոլորը լքել են մարզադաշտը: Ֆրանսիայի հավաքականը չեղյալ է համարել նոյեմբերի 18-ին Լոնդոնում Անգլիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումը: Աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին երեք ժամ մարզադաշտում մնալուց հետո անմիջապես գնացել է օդանավակայան եւ մեկնել հայրենիք: