Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ

Սպորտ
sport-chess-hajastan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համապատասխանաբար Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ այսօր կմեկնեն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը: Հայաստանի կանանց հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան: Առաջնության բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, որից հետո կմեկնարկի առաջին տուրը: Մասնակից հավաքականները կանցկացնեն 9-ական տուր: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 36, իսկ կանանց՝ 30 թիմ: Ի դեպ, նախնական վարկանիշներով Հայաստանի հավաքականները զբաղեցնում են նույն 6-րդ տեղերը: Նշենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այս մեր շախմատիստները մեկ անգամ հաղթող են ճանաչվել (1999թ., Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Լեւոն Արոնյան, Արշակ Պետրոսյան), մեկական անգամ դարձել են արծաթե (2007թ.) եւ բրոնզե մեդալակիր (1997թ.):