Անիշ Գիրիին դուր չի եկել Լեւոն Արոնյանի թեկնածությունը
«Ռուսաստանում ասում են՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում: Այդ իսկ պատճառով Մոսկվայի եւ Լեւոնի ընտրությունը բացահայտ է, երբ գործին միջամտում է ռուսաստանի մայրաքաղաքի հայազգի հովանավորը: Լեւոնից բացի կային մի քանի այլ թեկնածուներ, օրինակ՝ Կրամնիկը, Գրիշչուկը, Դին Լիժանը, Սոն, որոնք նույնպես արժանի էին աջակցության» - շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի տեղի որոշման հետ կապված մեկնաբանել է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին: Մրցավայրի ընտրությունը դուր չի եկել նաեւ ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրային: Իսկ ահա բուլղարացի Վեսելին Թոփալովն ընդհանրապես դժգոհ է մրցաշարը Մոսկվայում անցկացնելու գաղափարից: «Մրցաշարը ընդունելու ցանկություն էր հայտնել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, սակայն այն անհասկանալի պատճառով չընդունվեց: Իսկ այն մեծապես կնպաստեր շախմատի տարածմանը Աֆրիկայում» - ասել է աշխարհի նախկին չեմպիոնը, որը հնարավոր է հրաժարվի մեկնել Մոսկվա: Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կայանալու է 2016 թվականի մարտի 10-30-ը, Մոսկվայում, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: