Մենինգիտի հետևանքով 15-ամյա աղջիկ է մահացել
Այս տարվա ընթացքում հանրապետությունում կարմրուկի 33 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ «Հիմնականում պատվաստում չստացած մարդիկ են սրանք, որոնց մեջ, ի դեպ, շատ են երեխաները»։ Իսկ թոքաբորբերի առումով, ըստ մասնագետի, նվազում կա։ Տիկին Սահակյանն ընդգծեց, որ ժամանակին պատվաստանյութ ստանալը չափազանց կարևոր է, հակառակ դեպքում որոշ հիվանդություններ կարող են շատ ծանր ընթանալ, ընդհուպ՝ կյանքի համար վտանգով։ Հատկապես վտանգավորներից է ուղեղի թաղանթի բորբոքումը, որը հայտնի է մենինգիտ անվամբ։ «Վերջերս նման դեպք էր գրանցվել։ Հիվանդությունը բավականին ծանր ընթացավ։ Այդ վիճակից 15-ամյա աղջիկը դուրս չեկավ և ցավոք, 2 օր առաջ մահացավ»։ Հայտնի է, որ մեր երկրում ջրծաղկի դեմ պատվաստում չի արվում, չնայած դեպքերը բավականին շատ են։ «Հայաստանում, այո, ջրծաղիկը կառավարվող չէ։ Այդ պատվաստանյութը համեմատաբար նոր է համարվում և պետական միջոցներով պետք է ապահովվի։ Իսկ պետությունն, ըստ երևույթին, չի կարող դա անել»,-նշեց տիկին Սահակյանը։ Մասնագետը վստահեցրեց, որ մնացած բոլոր պատվաստանյութերը բարձր որակի են և անհրաժեշտ քանակով առկա են երկրում։