Բացել լրահոսը Փակել լրահոսը
գումար
A A
Պաշտոնական

Շահառուներին կտրամադրվի 250․000 դրամ արժողությամբ վաուչեր

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաեւ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հնարավորությունները բարձրացնելու նպատակով նրանց կրթական էլեկտրոնային վաուչերներ կտրամադրվեն։ Դա նպաստի նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման եւ կայուն զբաղվածության ապահովմանը։

Աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ներկայացված «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու» նախագծով առաջարկվում է ծրագրի շահառուին տրամադրել վաուչեր՝ մինչեւ 250․000 դրամ արժողությամբ, որը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍ-ի պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնք թվային համակարգի գործադրմամբ վաուչերի (QR) կոդի միջոցով անձին նույնականացնելուց հետո ստանում են նրա՝ շահառու լինելու հավաստումը եւ ընդգրկում իրենց կողմից իրականացվող կարճաժամկետ ուսուցման դասընթացում։

Ծրագրի շրջանակում առաջարկվում է նաեւ շահառուին տրամադրել միանվագ աջակցություն՝ շահառուի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100 000, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ եւս 200․000 դրամի չափով։

Առաջարկվում է ծրագիրը 2027 թ.-ին իրականացնել 1500 շահառուի զբաղվածության ապահովման համար։