Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Պաշտոնական

ՄԻԵԴ վճիռների փոխհատուցման համար կարգ կսահմանվի

Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եւ համապատասխան վճարումների իրականացման կարգ կսահմանվի։ Գործադիր մարմնի վաղվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է ոչ միայն կարգավորել արդարացի փոխհատուցման վճարման կազմակերպման եւ իրականացման հստակ ընթացակարգը, այլ նաեւ այն փաստաթղթերի սպառիչ ցանկը, որոնք անհրաժեշտ են դիմումատուի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից արդարացի փոխհատուցումը ստանալու համար։

Նախագծով նաեւ սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման եւ իրականացման շրջանակներում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաեւ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության եւ այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։

Նախագիծը Կառավարության նիստում ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ըստ հիմնավորման՝ արդարացի փոխհատուցումը ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով, նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը Վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը: Դեռ ավելին՝ Հայաստանի օրենսդրությամբ բացակայում է արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի իրավական կարգավորումը:

Ներկայումս նշված գործընթացը մանրամասն կարգավորված չէ, ինչի հետեւանքով գործնականում առաջանում են փաստաթղթերի ներկայացման, վճարման կազմակերպման, պետական մարմինների միջեւ գործառույթների բաշխման եւ Նախարարների կոմիտեի հետ հաղորդակցության հետ կապված հարցեր։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի այդ հարաբերությունների հստակեցմանը, վճարումների ժամանակին եւ արդյունավետ իրականացմանը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի վճիռներից բխող պարտավորությունների պատշաճ կատարմանը։

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից: