Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանց»-ում ամենուր խոսելու և մտածելու են իսպաներեն (տեսանյութ)

Սպորտ
sport-bananc

Երեւանի «Բանանցի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 45-ամյա իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն: Այդ կապակցությամբ այսօր թիմի ակադեմիայի նիստերի դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսում «Բանանցի» նորանշանակ գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հայտնեց, որ իրենք գլոբալ փոփոխություն են սկսել ակումբում: «Մի ամբողջ մարզչական շտաբ ենք հրավիրել,որը կաշխատի Տիտոյի ղեկավարության ներքո: Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն «Բանանցի» գլխավոր թիմին, այլեւ՝ երիտասարդական կազմին, ակադեմիային: Ցանկանում ենք, որ տարիքային բոլոր թիմերը նույն եղանակով պատրաստվեն, որպեսզի այն երիտասարդ խաղացողները, ովքեր հանդես կգան գլխավոր թիմում, հասկանան, թե մարզիչն ինչ է իրենցից պահանջում»: Ռոման Ասխաբաձեին հատկապես մտահոգում է այն փաստը, որ Հայաստանի հավաքականի կազմում ներկայումս չկան ֆուտբոլիստներ «Բանանց»-ից: Տիտո Ռամալյոն նշեց, որ մեկ ամիս առաջ եղել է Հայաստանում, ծանոթացել պայմանների հետ, որից հետո համաձայնել է գլխավորել «Բանանցը»: «Ակումբը լուրջ նպատակներ ունի, որի մեջ մտնում է ոչ միայն լավ թիմի ստեղծումը, այլեւ որակյալ ֆուտբոլիստների պատրաստումը: Այստեղ բարձրակարգ մասնագետների խումբ է հավաքվել, ովքեր աշխատել են իսպանական մի շարք հեղինակավոր թիմերում: Ուզում ենք մեր փորձով նպաստել «Բանանցի» զարգացմանը: Ցանկանում ենք բարձրացնել խաղացողների պատրաստվածության մակարդակը, որպեսզի նրանք համապատասխանեն առաջադրվող նոր պայմաններին» - ասաց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչը: Տիտո Ռամալյոյին կօգնեն եւս 8 իսպանացի մասնագետներ, որոնք կաշխատեն ակումբի գլխավոր, երկրորդ թիմերում եւ ակադեմիայում: Դա վկայում է այն մասին, որ այսօրվանից «Բանանց»-ում 360 աստիճանով փոխվելու է ամեն ինչ, եւ ամենուր խոսելու և մտածելու են իսպաներեն: