Հայաստան – Ալբանիա՝ 0:3
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում պարտվեց Ալբանիայի ազգային թիմին: Այսօր Երեւանում կայացած հանդիպման արդեն առաջին խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Մեր ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ժամանակ այդպես էլ չկարողացան սպառնալից պահ ստեղծել: Արդյունքում, Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը չորրորդ անգամ անընդմեջ չկարողացավ գրավել հակառակորդի դարպասը: Ինչ վերաբերում է ալբանացիներին, ապա երկրորդ խաղակեսում նրանք երրորդ գոլը խփեցին եւ խոշոր հաշվով վստահ հաղթանակ տարան: Այդպիսով, Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում 24 հնարավորից վաստակեց ընդամենը 2 միավոր եւ իր խմբում զբաղեցրեց վերջին, 5-րդ տեղը: Իսկ ահա Ալբանիայի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Երեւանում, քանի որ այն թիմին տվեց առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: