Լեւոն Արոնյանը միավորներ կորցրեց Բեռլինում անցկացրած առաջին օրը
Բեռլինում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում մեր պատվիրակներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լեւոն Արոնյանը մրցումների առաջին օրը կայացած հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 25-րդ տեղը: Նա տարել է երկու հաղթանակ, իսկ երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի: Մեր ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նախ երկու ոչ-ոքի արեց, ապա երկու հաղթանակ տարավ, սակայն 5-րդ պարտիայում պարտվեց վիետնամցի Սոն Նգուենին եւ 30-րդ տեղից նահանջեց 62-րդ հորիզոնական: Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հինգ տուրից հետո նույնպիսի արդյունք ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 57-րդն է աղյուսակում: Առաջնությունը 4,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Նշենք, որ մեր շախմատիստները մրցաշարի մեկնարկում երկու անգամ հանդիպեցին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ եւ երկուսում էլ խաղաղ դաշն կնքեցին: Այսօր տեղի կունենան հաջորդ հինգ տուրերը: 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Բոսնիայի ուժեղագույն շախմատիստ Պրեդրագ Նիկոլիչի հետ: