«Աշխատանքիս ընթացքում լարվածությունից երբեմն քթիցս արյունահոսություն է սկսվում»
20-ամյա Մարիամ Պետրոսյանին նայելիս կարող ես մտածել, որ նրան էլ պետք է մայրական խնամք: Մինչ համալսարան ընդունվելը, երիտասարդ աղջիկն արդեն խնամում էր զարգացման խանգարում ունեցող երեխաների: Նա սովորում է Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Սուրդոմանկավարժության բաժնի 3-րդ կուրսում:
Մարիամը 17 տարեկանում անցնում է կամավորական աշխատանքի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում:
«Ուզում էի լոգոպետ դառնալ: Մտածում էի՝ կընտրեմ այդ մասնագիտությունն ու կաշխատեմ «Ինթրա»-ում, իմ սիրելի լոգոպեդ Ալինայի հետ: Սակայն ստացվեց այնպես, որ ընդունվեցի սուրդոմանկավարժության բաժին»,- իր առաջին քայլերի մասին պատմում է երիտասարդ աղջիկը:
Սուրդոմանկավարժները զբաղվում են լսողության խանգարում ունեցող երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ: Մարիամի խոսքերով, նրան ավելի հոգեհարազատ է մեկ այլ ճյուղ` սուրդոհոգեբանությունը, որն ուսումնասիրում է այդ երեխաների հոգեբանական առանձնահատկությունները:
Համալսարանական կրթություն ստանալուց 2 տարի անց ապագա սուրդոմանկավարժն անցնում է նոր աշխատանքի. «Հունիսից աշխատում եմ աուտիզմ (Խմբ. ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել ) և դիսգրաֆիա (Խմբ. Գրավոր խոսքի խանգարում) ունեցող տղայի հետ, օգոստոսի 1-
ից մինչև 14-ն աշխատեցի մի աղջկա հետ, ով ուներ Ռետտի սինդրոմ: Նրա համար ավելի շատ խնամակալ էի, քանի որ նա ընդունակ չէր ուսուցման»:
Ռետտի սինդրոմով տառապում են հիմնականում աղջիկները: Նրանց զարգացումը տեղի է ունենում մինչև 1-1,5 տարեկան, որից հետո ընդհատվում է:
Մարիամն իր աշխատանքի ընթացքում որոշակի խնդիրների առաջ է կանգնում.«Երբեմն լարվածությունից քթիցս արյունահոսություն է սկսվում»:
Ուսանողուհու խոսքերով, այն երեխաների ծնողներն, ում հետ նա աշխատում է, գիտակից մարդիկ են և պայքարում են իրենց երխաների համար: Մեծ բարկությամբ խոսում է նրանց մասին, ովքեր այդ երեխաներին անտեսում են, կամ ամաչում են ու փորձում թաքցնել նրանց:
Մարիամի ընտանիքը կողմ չէ աղջկա մարդասիրական ընտրությանը. «Մայրս երբեմն ասում է՝ ինչու՞ պետք է երկու կոպեկի համար իմ աղջիկն այդ աշխատանքն անի: Ես էլ պատասխանում եմ, որ պաշտում եմ իմ աշխատանքն ու այլ գործի հետ չեմ փոխի»:
Մարդկանց օգնելը գերադասելով մեծ գումարներ վաստակելուց Մարիամն իր մտքում մի երազանք է պահում.«Ուզում եմ` Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում բացել վերականգնողական կենտրոններ ու որքան հնարավոր է, անվճար ծառայություններ գտնել երեխաներիս համար»: