Վաստակավոր արտիստը քաղաքապետարանին բնակարանի հարցով չի դիմել
Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին Մարգարյան փողոցում անհատույց օգտագործման բնակարան տալու հարցը։ Հեղինակ-կատարողն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցով քաղաքապետարանին չի դիմել։ «Իրենց որոշումն է, որի համար շնորհակալ եմ։ Ես 14 տարի է՝ վարձով եմ բնակվում։ Հիմա քաղաքապետարանը որոշել է մարդկային քայլ անել իմ հանդեպ։ Եթե չտային էլ, ես իրավունք չունեմ բողոքելու»,-ասաց պարոն Ամալյանը։ Ինքն ուրախ կլինի, եթե բոլոր կարիք ունեցողները ստանան բնակարան։ «Ես երբեք ոչ մի բացասական բան չեմ զգացել, երբ որևէ մեկին բնակարան են նվիրել՝ երգիչ լինի, թե այլ մարդ։ Կամ անկախ նրանից՝ լավ է երգում այդ երգիչը, վատ է երգում կամ ընդհանրապես չի երգում»,-շեշտեց երգիչը։ Նշենք, որ ավագանու նիստի օրակարգում, բացի Դավիթ Ամալյանից, ընդգրկված է նաև դերասանուհի, հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու հարցը։