Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանքարդյունաբերությանը վերաբերող պարտավորությունը ժամկետից դուրս է». մոնիտորինգ (տեսանյութ)

Հասարակություն
media

2011 թվականին ստեղծված «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրին մեր երկիրը միացավ հենց նույն տարում։ Այն ապահովում է իշխանություն-հասարակություն կապի միջոցով ազդեցության ապահովումը կառավարման համակարգի վրա։ Նախաձեռնությանն անդամակցում է 65 երկիր։ Ծրագրով կառավարությունները երկամյա ծրագիր են մշակում և պարտավորվում իրականացնել սահմանված ժամկետներում։ Առաջին անգամ մեր կառավարության կողմից ծրագիր մշակվել է 2012-2014 թվականների համար։ Նախորդ տարի էլ սկսվեց երկրորդը։ Ըստ այդմ՝ մի շարք գերատեսչությունների վրա պարտավորություն է դրվում՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ։ Գործընթացը համակարգում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործընթացների թեմայով մոնիտորինգի միջանկյալ տվյալներն այսօր ներկայացրեց կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը։ «Կարողացանք նախորդից դրականորեն տարբեր ծրագիր մշակել, որը կառավարության կողմից հաստատվեց և նախորդ տարվա հուլիսից սկսեց իրականացվել։ Մեկ տարին ամփոփելով, ասեմ, որ 11 պարտավորությունից 5-ը լիովին կատարվել է։ Մնացածն ընթացքի մեջ են։ Միակը, որ ժամկետներից դուրս է, թիվ 1 պարտավորությունն է՝ հանքարդյունաբերության թափանցիկությունն ապահովելու համար արխիվի թվայնացումը։ Սա կապված է կառավարության և ԱՄՆ ՄԶԳ հետ, քանի որ աջակցությունն այնտեղից է»։ Տիկին Դոյդոյանը նշեց, որ պարտավորություններից մեկն էլ ժամկետի ավարտին շատ մոտ է։ «Դա Արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ ստեղծելու մասին որոշման նախագիծն է։ Նախարարությունից մեզ վստահեցրել են, որ շուտով դա կլինի»։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչը հայտնեց նաև, որ պարտավորություններից մեկով բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ որոշում է ընդունվել, որով գնային շեմերը դուրս են գալիս և հայտարարագրերը թափանցիկ են լինելու։ «Առողջապահության նախարարության ֆինանսական հաշվետվություններին վերաբերող թափանցիկության ապահովումն է նաև նշված։ Կայքը որոշ թերություններ ունի։ Խոստացել են արագ լուծել այդ խնդիրները»,-շեշտեց տիկին Դոյդոյանը։ Ծրագրի վերջնական պատկերը պարզ կլինի հաջորդ տարի։