Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը. ով էր դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: Դեմ քվեարկեցին ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը: Խաչատուր Քոքոբելյանը չի մասնակցել քվեարկությանը: Ռուբիկ Հակոբյանը կողմ է քվեարկել ոչ թե էլեկտրոնային տարբերակով, այլ՝ ձեռքով։ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը կողմ քվեարկեցին: Մինչ քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ոտքի կանգնեց ու պահանջեց միացնել իր խոսափողը, քանի որ հայտարարություն ուներ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախապես հայտարարել էր, որ քվեարկությունը տեղի է ունենալու առանց վարման կարգի վերաբերյալ հայտարարությունների: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ դա դեմ է պատգամավորի իրավունքներին: Գալուստ Սահակյանը չարձագանքեց նրան ու քվեարկության դրեց նախագիծը: Արամ Մանուկյանը քվեարկեց՝ ոտքի կանգնած: Նրա բողոքին միացան եւ ոտքի կանգնեցին նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս, կանգնելով ԲՀԿ պատգամավորների շարքում, բղավելով սթափության կոչ էր անում: Ի վերջո, ինչպես ընդդիմադիր բոլոր պատգամավորները, այնպես էլ բազմաթիվ ՀՀԿ պատգամավորներ, դահլիճից դուրս եկան, երբ սկսվեց ԿԲ վերաբերյալ նախագծի քննարկումները ու ամբիոնի մոտ էր ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը: ԱԺ փոխնախագահը կոչ արեց պատգամավորներներին հանգիստ, առանց աղմուկի դուրս գալ. «Իսկ ով մնում է, առանց աղմուկի, խելոք նստի»: Դահլիճը գրեթե կիսադատարկ է այս պահին: ԱԺ շենքի դիմաց շարունակվում է «Չեք անցկացնի» նախաձեռնության ակցիան։