Ինչո՞ւ երբեք ԱՄՆ-ն դեֆոլտ չի հայտարարի
Համաշխարհային ԶԼՄ-ների լրահոսերում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների այն մասին, որ ԱՄՆ-ն կանգնած է դեֆոլտի եզրին, պարտքը գերազանցում է այդ երկրի ՀՆԱ-ի 120%-ը, բայց այնուամենայնիվ՝ ԱՄՆ տնտեսությունը շարունակում է լինել առաջինն աշխարհում (2014 թվականին ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 17.4 տրիլիոն դոլար ): Տնտեսական մեկնաբան Հրայր Մանուկյանի խոսքով՝ ԱՄՆ տնտեսության բարձր դիմադրողականության գաղտնիքը կայանում է գումարների տեղաշարժը ճիշտ կառավարելու մեջ. «Հայտնի է, որ աշխարհի բոլոր երկրների տնտեսություններն ուղղակիորեն կամ անուղղակի կապված են իրար: ԱՄՆ-ն Չինաստանին ունի մեծ պարտքեր, բայց դա չի խանգարում նրան այդ պարտքը կառավարել հօգուտ իրեն»: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: «Հետաքրքիր է աշխարհի երկու գերհզոր երկրների տնտեսական հարաբերությունները: Կա կարծիք, թե Չինաստանը կարող է ԱՄՆ-ից պահանջել իր ողջ պարտքը եւ այդ երկրին տնտեսական կործանարար հարված հասցնել, սակայն դա ձեռնտու չէ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Չինաստանին: Եթե ԱՄՆ-ն միանգամից վերադարձնի Չինաստանի պարտքը, նրան վճարելու է դոլարով, այդ դեպքում, սակայն, մեծաքանակ դոլարը Չինաստանի տնտեսություն մտնելով՝ կարժեզրկվի, կկորցնի իր ուժը, ինչը հարված է հենց Չինաստանին»,- ասում է պարոն Մանուկյանը: Ըստ նրա՝ այստեղ սկսում է գործողության մեջ մտնել ԱՄՆ տնտեսական քաղաքականության «խելամտությունը». «Նա ռաջարկում է իր պարտատեր երկրին (օրինակ՝ նույն Չինաստանին) այդ պարտքային գումարը ոչ թե տանել երկրի ներս ու արժեզրկել այն՝ կրելով կորուստներ, այլ այն ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ եւ շահույթ ստանալ: Արդյունքում՝ այն գումարը, որ ինքը պարտք է այլ երկրների՝ ներդրվում է իր տնտեսությունում՝ ապահովելով տնտեսական կայունություն ու այդ երկիրը դարձնելով լավագույն տնտեսությունն աշխարհում»: