Սեպտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 55 հազ. տ պտուղբանջարեղեն (տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքները` նախարարը նշել է, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար, և պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Նախարարը նաև ընդգծեց, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ: ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում` 4.2 %: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4, իսկ անասնաբուծությանը` 183.0 մլրդ դրամ: Այս տարի զգալիորեն` 9.4 %-ով կամ շուրջ 2.5 հազ. հեկտարով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 %-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3.0 %-ով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազ. հեկտարով կամ 4.1 %-ով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Նախարարը հավելեց, որ 2015 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայումս ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս շուրջ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ: Նախարարի խոսքով` մեծ է Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացումը և անասնապահության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը պայմաններ ստեղծեցին անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2015 թվականի 7 ամիսներին անասնաբուծության համախառն արտա-դրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.2 %-ով և կազմել է 183.0 մլրդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը: Մասնավորապես ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 3.6 %-ով և կազմել 775.0 հազ. գլուխ: Մանր եղջերավորների գլխաքանակի աճը գնահատվում է 7.2 % և կազմել է 981.0 հազ. գլուխ: Խոզերի գլխաքանակի աճը նշված ժամանակահատվածում ըստ օպերատիվ տվյալների գնահատվում է 11.4 % և կազմում է 185.0 հազ. գլուխ: 2015 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 55 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 29130 տոննա պտուղ, որից՝ 21250 տոննա ծիրան, 2204 տոննա կեռաս, ինչպես նաև 2500 տոննա խաղող, 18246.0 տոննա բանջարեղեն և 4893 տոննա կարտոֆիլ: Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 %-ի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին