Սարգիս Հովսեփյանը Դանիայի խաղից առաջ խոսեց Սերբիայի մասին
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը Դանիայի ընտրանու հետ խաղից առաջ: Ավաղ, այն ավելի շատ վերածվեց երկու օր առաջ կայացած Սերբիա – Հայաստան հանդիպման հետխաղյա ասուլիսի: Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչու Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում հանդես եկավ հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչու Մարկոսը ավելի շուտ փոխարինվեց, քան Գեւորգ Ղազարյանը, ինչու մեկնարկային կազմում ընդգրկվեց երկարատեւ վնասվածքից նոր ապաքինված Արազ Օզբիլիսը եւ այլն: Հայաստան – Դանիա հանդիպման մասին հնչեց միայն մեկ հարց, այն էլ դանիացի լրագրողի կողմից, որը ցանկանում էր պարզել, արդյոք Հայաստանի հավաքականում կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Պարզվեց, որ կա նման ֆուտբոլիստ, եւ դա սերբերի հետ խաղում ինքնագոլի հեղինակ դարձած Լեւոն Հայրապետյանն է (նա այսօր, իրոք, չմասնակցեց հավաքականի նախախաղային մարզմանը): Սարգիս Հովսեփյանը պատասխանելով բոլոր հարցերին, ավելացրեց, որ իր ձեռքի տակ չկան շատ որակյալ եւ բարձրակարգ ֆուտբոլիստներ, ուստի ստիպված նախընտրում է խաղալ եղած կազմով: Դա նշանակում է, որ վաղը մարզադաշտ կմտնեն նույն խաղացողները, որոնք երկու օր առաջ անատամ եւ անկազմակերպ խաղով տանուլ տվեցին Սերբիայի ազգային թիմին, որը Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ հաղթանակ է ճաշակել չորս տարի առաջ, 2011 թվականին, Ֆարերյան կղզիների ընտրանու հետ խաղում: