Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խռովությունների ժամանակ սահմանադրությամբ կարելի է մարդուն կյանքից զրկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
sahmanadrutyun1

Արդյոք սահմանադրական փոփոխությունների սկզբնական նախագիծն ավելի լավն է, քան գործողը:  Նման գնահատական տալը, ըստ  սահմանադրագետ Վարդան Այվազյանի, դեռ վաղ է. «Այն խիստ համակարգային երեւույթ է, ու չգիտեմ` ո՞րն է նման շտապողականության իմաստը, որ հանրության քննարկմանն է ներկայացվել փոփոխությունների մի մասը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նաեւ ասաց, որ Սահմանադրության նոր նախագծի մասին ճիշտ պատկերացում ունենալու համար այն պետք է հրապարակվեր ամբողջական: Ըստ սահմանադրագետի՝ գործող Սահմանադրության համեմատությամբ կա բավականին առաջընթաց, սակայն այն կատարյալ լինելուց բավական հեռու է. «Կան դրույթներ, որոնց համակարգային առաջընթացը ապահովելու համար կարելի է ավելի համապարփակ ու հայեցի դարձնել: Երբ ընթերցում ենք մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող գլուխները, ապա բավականին առաջընթաց կա կատարելագործման առումով: Անդրադառնամ կյանքի իրավունքի մասին կետին: Այն բոլոր իրավունքների հիմքն է, եւ այն պետք է սպառիչ ձեւակերպված լինի, որպեսզի այլ մեկնաբանություններից զերծ մնա: Մինչդեռ անորոշ է նշված դրույթը՝ երբ է թույլատրվում մարդուն կյանքից զրկել: Իմ կարծիքով՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ մարդու կյանքին ռեալ վտանգ է սպառնում, նա կարող է այդ մարդուն կյանքից զրկել, կալանավորի փախուստի ժամանակ, եթե այլընտրանքային տարբերակները հնարավոր չէ կիրառել, խռովությունների ու ապստամբությունների ժամանակ. դրանք կանխելու համար պետք է մարդուն կյանքից զրկել»: Անդրադառնալով կառավարման մոդելի փոփոխությանը՝ Վարդան Այվազյանը նշեց, որ այն ընդամենը տեխնիկական կողմն է ապահովում. «Կառավարման մոդելի փոփոխության՝ կիսանախագահականից անցումը խորհրդարանական համակարգին, դրական արդյունք ապահովելու համար պետք է աշխատել իշխանավորների ու հասարակության մտածելակերպի, իրավական գիտակցման վրա: Եթե ոչ կոմպետենտ մարդիկ նորից դարձան պատգամավոր, ինչպես հիմա է, այստեղ այլեւս մոդելը կարեւոր չէ: Դրա համար պետք է քաղաքակրթվել»: