Մեռելոցը կլինի աշխատանքային օր
Վարդավառին՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող մեռելոցի օրը աշխատանքային կլինի։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը ոչ աշխատանքային էին, փոխարենը աշխատանքային էր գալիք կամ նախորդող շաբաթ օրը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրերին աշխատելն արդյունավետ չէր համարել՝ նշելով, որ ԵՏՄ անդամ երկրները շաբաթ եւ կիրակի օրերին չեն աշխատում։ Նա նաեւ նշել էր, որ չի կարծում, թե պաշտոնյաներից որեւէ մեկը կխոչընդոտի, որ իր աշխատողներն այդ օրերին գնան գերեզման։ Նույնիսկ այդ առիթով մեկնաբանություն տալու համար կառավարություն էր հրավիրվել Արշակ Սրբազանը։ Նա ասաց, որ անհրաժեշտ է, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը լինեն ոչ աշխատանքային։ Այսուամենայնիվ, Կառավարության վերջին նիստում Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային հայտարարելու մասին որոշում չկայացվեց։