Արմեն Երիցյանի վարչապետը գազալցակայան չունի
Իմ վարչապետը գազալցակայան չունի. այսօր այսպիսի պատասխան է տվել Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, երբ կառավարության նիստից հետո լրագրողներն ակնարկել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գազալցակայանների մասին։ «Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»,- նշեց նա։ Անդրադառնալով վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյուններին՝ նախարարը նշեց, որ պարբերաբար ստուգումներ են անցկացվում։ Նախարարի խոսքերով՝ գազալցակայանների աշխատակիցները փորձում են գազաբալոնները լիցքավորել թույլատրելիից շատ, ինչն էլ հանգեցնում է դժբախտ պատահարների։ Անդրադառնալով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններին՝ որպես նախկին փոխոստիկանապետ, նա շատ նորմալ գնահատեց դրանք՝ նշելով, որ ոստիկանությունը իր առջեւ դրված խնդիրները կատարել է։