Լեւոն Մարտիրոսյանը հիասթափված է միտինգավորների ձախողումից (տեսանյութ)
Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր անձամբ մի քանի բառ գտավ ասելու, թե ինչ է մտածում խաղաղ ժողովրդի դեմ ոստիկանական բռնությունների եւ ջրցան մեքենաների աշխատանքի մասին. «Դե շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»։ Աղվան Վարդանյանը տեղյակ էր կատարվածին, ըստ նրա, ճիշտ կլիներ, որ ցուցարար երիտասարդները բանակցեին Սերժ Սարգսյանի հետ։ Նրանց հանդեպ բռնության դիմելու կարիք չկար. «Նրանք առավելագույնս կազմակերպված էին, հանդարտ էին, խաղաղ էին, օրինապահ էին եւ կատարվածը դատապարտելի է»։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հպարտ է իր երկրի ոստիկանությամբ՝ արյուն չթափեցին. «Բավական արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ էր իրականացնում»։ Նախարարը ռազմավարական սխալ համարեց այն, որ երիտասարդ ցուցարարները մերժեցին Սերժ Սարգսյանի առաջարկը՝ հանդիպելու եւ խոսելու մասին։ Այդ դեպքում քանի՞ գրոշ արժե Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե Հայաստանի քաղաքացիները չեն ուզում նրա դեմքը տեսնել. «Ձեր հարցը էթիկայի կանոններից դուրս է»։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի պատասխանը. «Վստահ եմ, որ չեն կարողացել որոշում կայացնել, ոչ թե չեն ուզեցել, ըստ երեւույթին 4 հոգի առաջնորդ չի եղել էնտեղ, որ գնան»։ Լեւոն Մարտիրոսյանը չի ուրախանում ոստիկանական բռնություններով, հաճույքով չեն ծեծել քաղաքացիներին եւ լրագրողներին, ինքը համոզված է. «Ակնհայտ ա, որ պատային իրավիճակում ոստիկանությունը պետք է ուժ կիրառի, բա ի՞նչ պետք է անի»։ Լեւոն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ հիասթափված է բողոքավոր երիտասարդների ձախողումից. «Սա եւս մեկ վատ նախադեպ է այն առումով, որ մարդիկ ապագայում, եթե ուզենան ընդվզեն, հիշելու են նախորդ դեպքերը, այս դեպքերը, որ ընդվզել են եւ ոչինչ չի ստացվել»։ Իսկ ահա Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը մի կերպ իրեն զսպեց չթաքցնելու համար իր անտարբերությունը լրագրողների հանդեպ բռնությունների մասով՝ վատ են լուսաբանում իրեն. «Ինչ-որ բաներ են գրում, դրա համար ավելի լավ ա չպատասխանեմ, որ հանգիստ իմ համար ապրեմ»։