«Հույսը դնել պետության, այլ ոչ թե բարեգործության վրա»
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ամբողջովին չի կարգավորում ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց նախագծի համահեղինակ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը. «Սակայն մեկ էջի վրա տեղավորվող օրենքի նախագիծը լուծում է մի շարք կարեւոր խնդիրներ՝ նյութական, բարոյական, բարոյահոգեբանական եւ այլն»։ Ըստ նրա՝ սա այն նախագիծն է, որ կարող է համախմբել բոլոր քաղաքական ուժերին եւ, այս իմաստով, ԱԺ բոլոր պատգամավորներն են այս նախագծի համահեղինակները. «Այս նախագծի թիրախը մեկն է. մենք ունենք զինծառայողներ, չեմ կարող ասել շատ թվաքանակով, բայց կան մարդիկ, ովքեր իրականում կարիք ունեն օտարերկրյա պետությունում պատշաճ բուժում ստանալու, և այս նախագիծն այս պահին կարողանում է լուծել այս հարցերը»: Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ նախագիծը հնարավորություն է տալիս հույսը դնել պետության, այլ ոչ թե բարեգործության վրա. «Այս նախագիծն այս ոլորտում ընդամեն առաջին քայլն է։ Ես համաձայն եմ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկումների հետ եւ օրենքից կհանվի կարգապահական խախտումների հետ կապված հատվածը և բացառությունը կտարածվի այն զինծառայողների վրա, որոնք դիտավորյալ են իրենց վնասել։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Կառավարությունը չպետք է որոշի պայմաններն ու կարգը, ապա ասեմ, որ պայմաններ ասելով նկատի չունենք այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի բուժումը ստանալ: Սա ընթացակարգային պայմաններին է վերաբերում»։