«Եթե գյուղից հեռանամ, ապա միայն՝ Երեւան»
Սյունիքի մարզի Խոտ համայնքը 940 բնակիչ ունի։ Նրանց մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։ Սակայն որոշ ընտանիքներ տեղում սեփական, փոքրիկ բիզնեսն են հիմնում։ Խոտի եզակի մթերային խանութներից մեկը բացել է Մաքսիմյանների ընտանիքը՝ 5 տարի առաջ։ Վաճառում են մրգերից ու բանջարեղենից մինչև տնտեսական ապրանքներ։ Վաճառքը հիմնականում տանտիրուհին է իրականացնում, սակայն երբ այլ աշխատանք է ունենում, խանութի ամբողջ պատասխանատվությունը մնում է որդու՝ 15-ամյա Գոռի ուսերին։ Իսկ Գոռը հրաշալիորեն կարողանում է գլուխ հանել հաշվարկներից։ Երբեմն եթե մոռանում էլ է ապրանքներից որևէ մեկի արժեքը կամ դժվարանում է հաշվարկի հարցում, անմիջապես զանգում է ծնողներին։ Բայց վստահեցնում է, որ այդպես հազվադեպ է լինում։ «Սովորում եմ 10-րդ դասարանում։ Միջին գնահատականներ եմ ստանում»,-պատմում է նա։ Բացի խանութից, Գոռն օգնում է նաև տնամերձ հողամասում աշխատող հորը։ Հարցին, թե ի՞նչ մասնագետ է ուզում դառնալ ապագայում, պատանին նշում է. «Ուզում եմ դերասան դառնալ։ Շատ կուզեմ, որ հեռուստատեսությամբ երևամ»։ Երազանքն իրականացնելու համար պատրաստվում է դիմել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ։ Խոտից արտագնա աշխատանքի մեկնողները շատ են։ Գոռը, սակայն, չի ուզում հեռանալ ծննդավայրից։ «Եթե գնամ էլ, ապա միայն Երևան, ուրիշ երկիր չեմ ուզում։ Հայաստանը լավն է»,-նշում է պատանին։