«Մայրաքաղաքում մարդ չի մնացել, որ բեռնաթափելու անվան տակ բուհեր են տեղափոխում» (տեսանյութ)
Բուհը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխես,- հայտարարում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության՝ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախաձեռնությանը. «Դա ուղղակի աբսուրդի գագաթնակետն է: Դուք պատկերացնո՞ւմ ենք օրինակ Մոսկվայի համալսարանը տեղափոխեն Լենինգրադ: Ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ ֆանտազիա պիտի ունենաս, որ նման բան անես»: Պարոն Խուդոյանը համոզված է, որ դասախոսական անձնակազմն ու ուսանողները Երեւանից չեն գնա մարզ. «Բուհն այլ քաղաք տեղափոխելիս ուղղակի կոչնչանա: Բուհերի հետ պետք է տեղափոխել նաև գրադարանները, ուսանողական մյուս ենթակառուցվածքները: Իսկ դա անհնար է: Այս պարագայում կշահեն Երեւանում գտնվող ոչ պետական բուհերը: Բոլորը կգնան այնտեղ»: Ինչ վերաբերում է Երեւանի ծանրաբեռնվածությանը, ապա դա առհասարակ քննարկելու թեմա չէ. «Ի՞նչն է ծանրաբեռնված, փոքր քաղաքա»։ «Քաղաքն արդեն բեռնաթափված է»,- ավելացնում է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, ըստ նրա՝ բնակչությունը այնքան է քչացել, որ այլեւս դրա կարիքը չկա. «Սա փոփոխությունների գնալու ամենաողորմելի ձևն է: Եկեք բուհերը դնենք պաչեվնիկների վրա, տեղափոխենք Գյումրի: Ո՞ր մի դասախոսը կթողնի իր ընտանիքն ու դասավանդելու համար Երևանից Գյումրի կմեկնի»: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նույնպես չի պատկերացնում, թե ինչպես պետք է նման նախաձեռնությունը կյանքի կոչել: «Բուհերը Երևանում են, ուսանողները դասի չեն գալիս, ուր մնաց՝ այստեղից Գյումրի գնան: Այս նախաձեռնությունը, կարծես, միայն նրա համար է, որ Գյումրիի վրայից թոթափվի «աղետի գոտի» հասկացությունը»,- ասաց նա: