Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղում տեղեկացվածության պակաս կա (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar-2

Մայիսի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղում տեղի ունեցավ «ՀՀ սահմանամերձ գոտու բնակչության հոգեբանամանկավարժական խնդիրները» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցում էին Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Գիտաժողովի մասնակից, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարևորեց նման գիտաժողովների նշանակությունը՝ նշելով, որ այն կապված է բոլոր այն խնդիրների հետ, որոնք այսօր առկա են Հայաստանում, և հատկապես սահմանամերձ շրջաններում։ «Նպատակը մի կողմից այն է, որպեսզի բարձրաձայնվի գիտական այն հետազոտությունների մասին, որոնք կարող են շատ կարևոր գործնական նշանակություն ունենալ մեր Զինուժի համար, և նաև սահմանամերձ շրջանների Զինուժի համար, մյուս կողմից էլ՝ կարևոր է սա այնքանով, որ այս տարածքների բնակիչները զգան, որ իրենք միայնակ չեն, և մենք նրանց հետ միասին կիսում ենք այն ամենն, ինչի մեջ նրանք այսօր ապրում են»,-ասաց Ռուբեն Աղուզումցյանը։ Վերջինիս խոսքերով՝ նման գիտաժողովները մեծ նշանակություն ունեն նաև գիտնականների համար, ովքեր շփվելով այս տարածքների բնակչության հետ՝ առավել ճշգրտում են իրենց գիտական նպատակներն ու հետազոտությունների ուղղությունները։ «Այստեղ կապը երկկողմանի է, փոխադարձ շփումների միջոցով՝ շատ հաճախ այս մարդիկ բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնց մասին գիտնականները նույնիսկ չեն էլ մտածել, և այս առումով նման հանդիպումներն ու քննարկումները երկուստեք կարևոր են»,- նշեց նա՝ հավելելով նաև, որ նման հանդիպումները միտված են բնակչության ինքնագիտակցության ու տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին սահմանին մոտ բնակչության առօրյա խնդիրները, նրանց հոգեբանական տրամադրվածությունն ու պատրաստակամությունը՝ դիմակայել ցանկացած իրավիճակի, ինչպես նաև խոսվեց կրթական օջախներում ռազմական պատրաստվածության մթնոլորտի զարգացման մասին և այլն։ Գիտաժողովի մասնակիցներին հանձնվեցին նաև պատվոգրեր։