«Ոստիկանները բռնության զոհ դարձած կանանց հետ շփման ձևը չգիտեն» (տեսանյութ)
Միայն 2014 թ. հունվար-օգոստոս ամիսներին ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնությունների արդյունքում 12 կին մահացել է: Չնայած այս ոչ մխիթարական թվերին, մեր երկրում մինչև օրս չկա ընտանեկան բռնության մասին օրենք։ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն օրենքի նախագիծը լրամշակված տարբերակով վաղուց հանձնել է Ազգային ժողովին, սակայն մինչև այժմ այն չի ընդունվում։ «Իսկ կանանց նկատմամբ բռնության դեպքերը գնալով ավելանում են և սա նաև այն պատճառով, որ չկա ընտանեկան բռնության համար պատասխանատվություն սահմանող այդ օրենքը»,-շեշտել է կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը։ Իրենք օրական միջինում 3-4 զանգ են ստանում տուժած կանանցից թե Երևանից և թե մարզերից։ «Ամպագոռգոռ խոսում են, թե հայ կինը հարգված է, բայց իրականում այդպես չէ, և դեպքերը դա են ցույց տալիս»,-ընդգծել է նա։ Հարցին, թե ի՞նչ կտա օրենքը, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահը նշել է. «Օրենքը որոշ չափով կսանձի բռնարարքներին, գործիք կդառնա սոցիալական աշխատողների, ՀԿ-ների և ոստիկանության ձեռքին, կպարտադրի կառավարությանը ժամանակի ընթացքում կենտրոններ, ապաստարաններ ստեղծել բռնության ենթարկվածների համար։ Հիմա ոստիկանները բռնության զոհ դարձած կանանց հետ ճիշտ շփման ձևն էլ հաճախ չգիտեն»։ «Կանայք այժմ ավելի իրազեկված են դարձել, ավելի հաճախ են դիմում օգնության, թեև իրավական տեսանկյունից այնքան էլ տեղեկացված չեն։ Մեր դատարաններում էլ նման դեպքերին դատավորները պատշաճ ձևով չեն մոտենում և մտածում են, որ ընտանիք է, մի օր կռվել են, մի օր կբարիշեն»,-իր հերթին նշել է «Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանը։