Մի անգամ տունը կորցրել է Բաքվում, հիմա էլ հայրենիքո՞ւմ (տեսանյութ)
86-ամյա Ալբերտ Մակյանը պահանջում է չքանդել իր տունը, որը պետական կարիքների համար իրացման գոտում է։ Այս տանը բնակվում է 23 հոգի, այդ թվում` 11 անչափահաս։ Այդ մասին նա գրել է իրենց տան պատի վրա։ «Գրել եմ, ձեռք չտաք մինչեւ մեր իրավունքը չլինի, վեճը չբացահայտվի, թե գործը ինչումն է»,- «Ա1+»-ին ասաց Ալբերտ Մակյանը։ 2008թ. նոյեմբերի 20-ին է կառավարությունը այս տարածքը իրացման գոտի ճանաչել։ Տարածքը ձեռք է բերել «Սիթի սենթր դեվելոփմենթ» ՓԲԸ-ն։ Վերջինս Ալբերտ Մակյանի հետ 2009թ. ապրիլին պայմանագիր է կնքել, ըստ որի` ձեռք է բերում մոտ 1000 քմ տարածք զբաղեցնող անշարժ գույքը։ Փոխարենը Հանրապետության 33 հասցեում կառուցվող նորակառույց շենքից ընտանիքին պետք է հատկացվեր 5 բնակարան. «Մի տարի սպասեցինք, երկու տարի սպասեցինք, հեռացրին, մի հարյուր մետր այն կողմ, նորից փոս փորեցին, դա էլ չսարքեցին»։ Ալբերտ Մակյանը նույնիսկ քանդել է տան մի հատվածը եւ հիմա կնոջ հետ ապրում է տան խորդանոցում։ Նա նշում է, որ երբեւէ չէր էլ մտածել, որ կյանքի 86-րդ տարում դեռ պետք է պայքարի բնակարան ունենալու համար։ Մակյանների ընտանիքը 1988-ին Բաքվից եկել ու հաստատվել Հանրապետության 44 հասցեում։ Ավելին՝ տեսանյութով