«Չերազեք անգամ մի թիզ հողի մասին». թուրք գործիչ
1977 թվականին Ցյուրիխում տեղի ունեցավ հայկական 3 ավանդական կուսակցությունների՝ թուրք գործիչների հետ հանդիպումը։ Հնչակյան կուսակցությունից Ավետիս Դեմիրճյանն ավելի ուշ պիտի գրեր. թուրքերն ասել են. մի օր կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, կմտածենք նաև հատուցման մասին, բայց չերազեք անգամ մի թիզ հողի մասին։ «Այ սա է հայ դատի թաղումը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է պատմաբան Գևորգ Յազեչյանը։ Համոզված է՝ շատ հարցերի պատասխաններ ներկայումս չունենք։ «Այսօր թուրքերը՝ մեզ իրար անցկացնելու համար կարող են մի խայծ գցել, ասեն, լավ սիրելիս, մենք ուզում ենք հաշտվել, ի՞նչ են ձեր պահանջները։ Հավատացնում եմ ձեզ, մի այնպիսի տուրուդմբոց կսկսվի հայության մեջ, որովհետև մենք չգիտենք, մենք շատ հարցերի հստակ պատասխանը չունենք»,-շեշտում է պարոն Յազեչյանը։ Պետությունն այսօր պետք է համախմբի հայությանը համընդհանուր գաղափարների շուրջ։ «Շատերն ասում են հայ դատ, բայց չեն էլ պատկերացնում, թե դա ինչ է»,-ցավով նշում է պարոն Յազեչյանը։ Վստահ է, որ այսօր չգիտենք անգամ, թե որն է մեր հայրենիքը։ Ինքը հայոց հայրենիք եզրույթի 47 սահմանում է գտել. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ աղետ է»,-ասում է։ Պարոն Յազեչյանն ուզում է, որ ամբողջ հայությունը մի օր հասկանա, որ հայրենիքը մեկն է, անկախ նրանից, թե որ երկրի իշխանության ներքո է։ «Ինձ համար հայրենիքը Հայաստանի հանրապետությունն է, ԼՂՀ-ն, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ախալքալաքը»,-եզրափակում է պատմաբանը։