Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները ՀՀ-ում պաշտպանված չեն (տեսանյութ)

Հասարակություն
մեդ

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները Հայաստանում լիիրավ պաշտպանված չեն՝ օրենսդրական բազմաթիվ ճշտումներ են պետք. համոզված են ոլորտի մասնագետները։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ուսումնասիրելով այս ոլորտը՝ մի շարք օրենսդրական բացեր է առանձնացրել։ Ամենախոցելի խնդիրներից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լրիվ անգործունակության ճանաչումը։ Սա նշանակում է, որ անձի փոխարեն, նրա իրավունքների եւ ազատությունների իրականացումը կատարվում է խնամակալի միջոցով. «Ով կլինի այդ մարդը ու ինչպես կիրականացնի այդ գործառույթը՝ սա է հարցը ու հենց այս հարցն է առավել շատ մեր պրակտիկայում խնդիրների առաջ կանգնեցրել»,- ասում է ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Հայաստանում բացակայում է նաեւ գործունակության վերականգնման մեխանիզմը։ Այսօր օրենսդրական կարգավորումն այնպիսին է, որ անձը ճանաչվելով անգործունակ չի կարող դիմել դատարան եւ պահանջել գործունակության վերանայում։ Գործունակությունը կարող է վերականգնվել խնամակալի, հոգեբուժական հաստատության դիմումի հիման վրա. «Այս ձեւը պրակտիկայում շատ մեծ խնդիրների առիթ է տալիս։ Քանի որ եղել է այնպես, որ տվյալ անձը անգործունակ ճանաչվել է իր ընտանիքի անդամի կողմից, եւ դա նպատակ է հետապնդել տնօրինել նրա գույքը։ Հետո այդ մարդը այլեւս հնարավորություն չի ունեցել վերականգնել իր գործունակությունը»։