Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանն այս պահին մեր երկրում իշխանափոխություն չի ուզում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Borya

«Եվ իշխանությունը, և նրանց ընդդիմադիրները համոզվեցին, որ Ռուսաստանում շահագրգռված չեն այսօր մեր երկրում իշխանափոխության հարցի սրացմամբ»,-վստահ է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Եվ եթե այդպես է, ապա այն ուժերը, որոնք իշխանափոխություն են պահանջում, զրկվում են Ռուսաստանի աջակցությունից և պաշտպանությունից։ «Ռուսաստանն ինչ-որ տեղ պաշտպան էր Հայաստանի ընդդիմությանը՝ որպես հակակշիռ իշխանություններին և որպես շանտաժի ենթարկելու միջոց»,-շեշտել է նա։ Ստացվում է, որ իշխանափոխության հարց բարձրացնող ուժերի դիրքերը թուլացան և Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ ավելի լավ է այդ պահանջից ժամանակավորապես հրաժարվել։ Բացի այդ, ցանկացած ներքին քաղաքական սրացում ձեռնտու չէ մեր երկրի օլիգարխիական համակարգին։ Հարցին, թե այս իրավիճակում հնարավո՞ր է՝ ՀՅԴ-ն դարձյալ կոալիցիա կազմի իշխանության հետ, պարոն Նավասարդյանը չի բացառում. «Այո, քանի որ շատ հարցերում կա ընդհանրություն՝ և Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը, և հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչելու փաստը»։ Այս իրավիճակում պարոն Նավասարդյանը քիչ հավանական է համարում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը։ Բայց և շեշտել է. «Քոչարյանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ հետագայում հարմար պահի քաղաքականություն վերադառնալու, քանի որ այս ամբողջ զարգացումների ընթացքում բավականին դրական երևաց։ Ոչ մի անձնական, քաղաքական հավակնություններ չներկայացրեց, բայց հանդես եկավ ընդդիմության իրավունքների, շահերի և ազատության պաշտպան, որով հասարակության աչքին դրական տպավորություն թողեց»,-եզրափակել է Երևանի մամուլի ակումբի նախագահը։