Երեխաները գրքեր են նվիրել Տարոն Մարգարյանին
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների աշակերտները տարբեր դարաշրջանների մտավորականների և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հերոսների կերպարների հանդերձանքով վաղ առավոտից մասնակցել են իրենց դպրոցներում ու նաև դպրոցից դուրս կազմակերպված տարբեր միջոցառումների: Աշակերտներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Երևանի քաղաքապետն առաջինն է շնորհավորել աշակերտներին՝ ընդգծելով գրքի կարևոր դերակատարումը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Տարոն Մարգարյանը երեխաներին է նվիրել Երևան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նվերի համար՝ երեխաներն իրենց հերթին քաղաքապետին են նվիրել տարբեր գրքեր, նաև օրվա խորհրդին համահունչ իրենց ձեռքի աշխատանքը: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշակերտներին ուսման մեջ հաջողություն է մաղթել: Դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին և մի շարք այլ պաշտոնյաների, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն