«Չպետք է չինովնիկները մեքենաներով ման գան, իսկ փոքր ձեռներեցները՝ հեծանիվներով»
«Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը, բայց ձեռներեցները չեն դադարեցնելու պայքարը։ «Բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին հորդորում եմ միանալ մեզ, քանի որ ձեռներեցների մեջ տարբեր կուսակցություններից մարդիկ կան»,-նշել է Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել փոքր բիզնեսի ձայնին։ «Մինչև վերջ գնալու ենք՝ հարկային համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար»,-շեշտել է պարոն Ասլանյանը։ Նա նաև նշել է, որ ձեռներեցներն այնքան էլ միամիտ չեն, որ հավատան, թե Ֆինանսների նախարարությունը ամեն ինչ կանի այնպես, ինչպես պետք է, բայց պետք է պայքարեն։ «Չպետք է չինովնիկները մեքենաներով ման գան, իսկ փոքր ձեռներեցները՝ հեծանիվներով»,-շեշտել է Փոքր ձեռներեցների միության նախագահը։ «Ոսկերիչները պետք է ազատվեն ավելորդ փաստաթղթաշրջանառությունից»,-իր հերթին նշել է «Ոսկերչությամբ զբաղվողների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բաբայանը։ Նա հայտնել է, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խոսվել է ոսկերիչների համար առանձնացված հարկային դաշտի կիրառման անհրաժեշտության մասին։