Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու ոճրագործության մանրամասները նոր կասկածների տեղիք են տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

Գյումրեցիները երբեք չեն բարձրացրել ռուսական ռազմաբազայի հարցը, թեեւ այս օրերին շատերն ուղղակի շահարկում են այդ հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, նշեց Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա բնութագրմամբ՝ Գյումրիում այս օրերին բավականին լարված իրավիճակ է: Ըստ քաղաքագետի՝ այսօր կան մի շարք հարցեր, որոնք շարունակում են անպատասխան ու կասկածելի մնալ գյումրեցիների համար: «Մեզ համար, օրինակ, զարմանալի է՝ ինչպես 19-ամյա Պերմյակովը կարող էր այդպես լավ իմանալ քաղաքի քարտեզը. նա ռազմաբազայից 5 կմ անցել է ու հասել Ավետիսյանների տուն: Թաղի բնակիչները պատմում են՝ ոստիկանական շները այնպիսի նրբանցքներով են հասել Ավետիսյանների տուն, որ անգամ գյումրեցիները չեն իմացել այդ ուղիների մասին»: Բացի այդ, ըստ նրա, ոչ ոք չի տեսել անգամ, թե ինչպես է ռուս զինվոր Վալերի Պերմյակովը մտել տուն, ոչ ոք չի լսել կրակոցների ձայները, թեեւ 27 պարկուճ են գտել: Գյումրեցիներին այս հարցերն են հետաքրքրում. «Մյուս անհասկանալի հարցն այն էր՝ եթե Պերմյակովը աղանդավոր է, ինչու է նա ծառայում ռուսական բանակում»: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի մոտ եւս կասկածները բազմաթիվ են ներկայացվող փաստերի եւ վարկածների վերաբերյալ: Մասնավորապես, նրան զարմացնում էր այն, որ ֆիզիկապես չի համապատասխանում այն ժամանակահատվածը, երբ Պերմյակովին հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի վրա. «Ինչո՞ւ նրա դեմ առաջադրված մեղադրանքների մեջ չկա սահմանի անցնելու փորձը, այդ մեղադրանքը չկա ոչ հայկական, ոչ ռուսական կողմից: Կասկածամտորեն եմ վերաբերվում նաեւ այն փաստին, թե ինչու է ռուս զինվորն անձամբ դիմել ռուսական բանակի ղեկավարությանը, որ իրեն տեղափոխեն ՀՀ Գյումրու ռուսական ռազմաբազա»: Տիկին Ալավերդյանը նկատում է՝ ռուսական կողմը իրավական կամայականություններ է անում նաեւ: Նա նաեւ քննադատում է ՀՀ իշխանություններին, որոնք ոստիկաններ բերելու ու ժողովրդի դեմ կանգնեցնելու փոխարեն, կարող էին դիմել ավելի խելամիտ քայլերի. «Ես դեմ եմ ռուսական ռազմաբազայի դուրս բերելուն. այն ՀՀ բոլոր երեք նախագահի կողմից կնքված պայմանագրերով է գործում, եւ այս հարցը չպետք է քննարկել՝ այն այլ հարթության մեջ է: Թեեւ ճիշտ արեցին գյումրեցիները, որ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա արեցին: Ես զայրացել եմ, որ մեր իշխանություններն անմիջապես չարձագանքեցին ողբերգությանը, մանավանդ վատն այն է, որ օտարերկրյա պետության ղեկավարը արձագանքեց ու նոր միայն մերոնք խոսք ասացին»: Նրա համար խորհրդանշանական է նաեւ այն, որ Գյումրիի ոճրագործությունը տեղի ունեցավ ճիշտ Բաքվի ջարդերի օրը. «Հարցերի հարցը շարունակում է մնալ՝ ով է դրդել Պերմյակովին: Չեն ուսումնասիրել այս վարկածը: Չկա նաեւ սպանության շարժառիթը: Զինվորը իր տարբերանշանով կոշիկներն է թողել, հեռացել: Կներեք, իմ շորերն էլ կարող են հայտնվել ինչ-որ մի տեղ, սակայն դա չի նշանակում, որ հանցագործություն եմ կատարել: Հանցագործության մանրամասների վերաբերյալ մեր միակ աղբյուրը ռուսական կողմն է, որին ես չեմ վստահում»: