Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի ամբողջ օր գլխավոր դատախազը փորձում էր համոզել ժողովրդին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri16

Գեւորգ Կոստանյանն այդպես էլ չի մանրամասնում, թե ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքի որ մասում է դատվելու Վալերի Պերմյակովը. «Կգտնվի ռուսական ռազմաբազայի տարածքում, թե՝ այլ, դա չի կարեւորը, կարեւորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առաջ կանգնելու փաստն է»։ Փաստն այն է, որ Պերմյակովը ռուսների ձեռքում է, ռազամաբազայի կալանատանը։ Կոստանյանը խուսափում է ասել, որ Պերմյակովին իրենց ձեռքից բաց են թողել հենց սկզբից, ռուսները գտան, նրանք էլ տարան իրենց զինվորին. «Ով առաջինը բռնեցը չէ, ում իրավասության տակ անցավ տվյալ անձը, ում իրավազորության տակ անցավ տվյալ անձը, սա կարեւոր հանգամանք է»։ Մինչդեռ գլխավոր դատախազը խոստովանում է, որ 15 տարի առաջ կատարված նույնատիպ հանցագործության համար ռուս զինվորներին դատեց Հայաստանի դատարանը միայն մեկ պատճառով. «Խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ տվյալ անձը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց տվյալ երկրի իրավապահների կողմից եւ այդ պահին անկախ նրանից, թե որ տարածքում է գտնվում, վերջինս հանդես եկավ արդեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո ի սկզբանէ»։ Ռուսներն առայժմ ակնարկում են, որ Պերմյակովին չեն հանձնելու, իսկ նրա կատարած սպանդը փորձություն է, միասին կանցնենք դրա միջով։ «Այդպիսի հանցագործություն կատարած անձը ազգություն չունի։ Վստահեցնում եմ, որ այդ սարսափելի հանցագործություն կատարողը ամենախիստ պատիժն է ստանալու»,- ասում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչը։ Սուրբ Նշան եկեղեցու բակում Կոստանյանն արդեն խոսում էր միավորման մասին։ Գյումրեցի մեծահասակները երիտասարդ վշտացյալներին խելամտության կոչ են անում. «Մի ամբողջ գերդաստան է, կտրել, նա ոչնչություն է, որ այդպես ոչնչություն է, մենք էլ ոչնչության ենթարկենք նրան։ Հանկարծ ազգային թշնամություն չլինի»։ Լեւոն Բարսեղյանը Երեւան ժամանելու ճանապարհին է լսել գլխավոր դատախազի հավաստիացումները, թե մեղավորը կենթարկվի պատասխանատվության. «Մեզ Կոստանյանի լյա-լյաները պետք չեն»։ «Ասպարեզ» ակումբի նախագահը Կոստանյանին հիշեցնում է՝ այսօր ժամը 5-ին գյումրեցիները հավաքվելու են դատախազության մոտ. եթե Պերմյակովին չվերցրեցիք ձեր իրավազորության տակ, չփոշմանեք. «Հետեւանքները ոչ ոք չի կարողանա կռահել, ոչ մի սցենար, գծագիր, ոչ մի փակ ծրար ցուցարարներից ոչ մեկը չունի»։ Ընդհանուր առմամբ պարոն Բարսեղյանը կանխատեսում է, թե ինչ է ուզում անել մեր իշխանությունը։ Նա ուզում է ռուսների հետ գլուխ չդնել. «Մի քանի ցուցչային-ինդիկացիոն գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանտը մնում է ռուսական կողմը՝ մեղադրանքը ներկայացնելուց հետո, կալանքի որոշում եւ էդ մարդու գտնվելու տեղը»։ Փաստաբան Նիկոլայ Գրիգորյանի համոզմամբ, Պերմյակովը միայն Ռուսաստան փախչելու եւ այնտեղ գտնվելու ժամանակ կարող էր Ռուսաստանի Սահմանադրության պաշտպանության տակ լինել. «Պերմյակովը ձերբակալվել է Հայաստանի տարածքում, հետեւաբար Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը չի գործում Հայաստանում»։ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ բորբոքված գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ չի քննարկվում Պերմյակովին Հայաստանի դատարանում դատելու հարցը։